ՄՀԻ հայաստանյան հարցում. հայաստանցիների առաջնահերթությունը անվտանգությունն ու խաղաղությունն են
Արդյունքները նաև ցույց են տալիս փախստականներին ցուցաբերվող աջակցության նկատմամբ գոհունակությունը և երիտասարդների շրջանում քաղաքական անտարբերության աճը։
Երեւան, Հայաստան – Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ)` Հարցումների հետազոտության կենտրոնի նոր համապետական հարցման արդյունքները ցույց են տալիս, որ հասարակության գլխավոր մտահոգություններն են անվտանգությունն ու խաղաղությունը: «Որո՞նք են հիմնական խնդիրները, որ առկա են այսօր Հայաստանում» հարցին 35% կազմող պարզ մեծամասնությունը պատասխանել է «ազգային անվտանգությունը և սահմանային խնդիրները»:
«Աներկբա է, որ ՀՀ քաղաքացիների համար առաջնային խնդիրներն են ազգային անվտանգությունն ու խաղաղությունը», – ասել է ՄՀԻ Եվրոպայի և Եվրասիայի բաժնի տնօրեն Սթիվեն Նիքսը:
Հարցվածների 47 տոկոսը կողմ է Ադրբեջանի հետ բանակցվող խաղաղության պայմանագրին։ Բացի այդ, հարցվածների մեծամասնությունը (55 տոկոս) գոհ է Հայաստանի կառավարության սոցիալական օգնության ծրագրերից՝ ուղղված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին։
«Տվյալները հստակորեն ցույց են տալիս, որ հանրությունը դրական է վերաբերվում Փաշինյանի կառավարության ջանքերին՝ օգնելու Լեռնային Ղարաբաղից տեղահանված փախստականներին», – նշել է Նիքսը։
Հարցումը նաև բացահայտել է երիտասարդների շրջանում քաղաքական անտարբերության աճի նշաններ. 18-ից 35 տարեկանների 37 տոկոսը պատասխանել է, որ չի մասնակցի քվեարկությանը, եթե խորհրդարանական ընտրությունները կայանան հաջորդ կիրակի։
«Կառավարությունը պետք է լուրջ ջանքեր գործադրի երիտասարդներին քաղաքական և ընտրական գործընթացներում ներգրավելու համար», – ամփոփել է Սթիվեն Նիքսը։
Մեթոդաբանություն
Հետազոտությունն անցկացվել է ՄՀԻ Հարցումների հետազոտության կենտրոնի նախաձեռնությամբ և իրականացվել ԲՐԵՎԻՍ ընկերության («Այ Փի Էս Սի») կողմից: Տվյալները հավաքվել են 2025 թվականի հունիսի 16-26-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսային հարցման մեթոդով (CATI)։ Ընտրանքը կազմված է 18 տարին լրացած 1,505 ՀՀ քաղաքացիներից և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ԼՂ նախկին բնակիչներից, ովքեր այժմ բնակվում են Հայաստանում (որոնք կարող են լինել կամ չլինել քաղաքացիներ)։ Ստացված ընտրանքը կշռվել է ըստ տարիքի, սեռի և բնակավայրի տիպի՝ ըստ Ազգային վիճակագրական ծառայության 2023 թվականի տվյալների։ Կրթության կշռի նպատակային ցուցանիշը հաշվարկվել է՝ հիմք ընդունելով 2022 թվականի մարդահամարի տվյալների (18 և բարձր տարիքի անձանց համար) և հարցված ընտրանքի կրթական մակարդակի միջինը։ Սխալի միջակայքը չի գերազանցում ±2.5 տոկոսային կետն ամբողջ ընտրանքի համար։ Հարցմանը մասնակցելու ցուցանիշը 25% է:
Top